Ուշադրություն պիտի դարձնել այս պոետի վրա: Պիտի դաստիարակել նրան, մեծ ապագա է խոստանում: Գուրգուրեցեք, բայց երես մի տվեք, ընդհանուր աղմուկի մեջ ժողովրդական լիրիկա է բերում :

Ալեքսանդր Շիրվանզադե




Այս տղան ոչ մեկիս թրի տակով չի անցնելու:

Ե.Չարենց




Շիրազը հոյակապ դեմք է մեր պոեզիայի պառնասում, հորդաբուխ ու ճշմարիտ բանաստեղծ, նրա ամեն մի բանաստեղծությունը մի գյուտ է զարմանալի պատկերներով: Բնությունը նրան օժտել է փիլիսոփայական ինտուիցիայով: Համաշխարհային գրական գոհարներ եթե կազմվեն, ես մեծ սիրով տեղ կտայի «էքսպրոմտին», «Բիբլիականին» և այլ բանաստեղծությունների: «Բիբլիականը» կոսմիկական տարերք ունի, փիլիսոփայական մեծ տաղանդի գործ է: Խորիմաստ «Բիբլիականի», ծաղկաբույր «Խջեզարեի» և մյուս պոեմների կախարդ հեղինակը հոկտեմբերյան ամենամեծ հայ լիրիկն է:

Նարեկը մեզ՝ հայությանը հազար տարի քրիստոնյա պահեց. Շիրազի նոր պոեմը՝ «Հայոց դանթեականը» հայությանը հազար տարի հայ կպահե...

Ավ.Իսահակյան




Շիրազի «Բիբլիական» պոեմը հայ գրականության մեջ անսովոր երեւույթ է: Փիլիսոփայական իմաստով չափազանց խորը, նա միաժամանակ ունի բարձր գեղարվեստական գրվածքի բոլոր արժանիքները` Շիրազին բնորոշ պատկերների թարմությունն ու օրիգինալությունը պահպանվում են և այս պոեմում, այդպիսիք զուգակցվում են նաև համեմատությունների, անսպասելի հակադրությունների հետ, Շիրազը մեր սրտից է խոսում, ինչքան ազգային, այնքան համամարդկային է նա: «Բիբլիականի»-ից ես գեղարվեստական մեծ հաճույք ստացա:

Վիկտոր Համբարձումյան




Նախկին անապաստան, այժմ մեծ պոետ է Հովհաննես Շիրազը՝ Հայաստանի ամենամասսայականը, ամենաժողովրդականը:

Լուի Արագոն
(ֆրանսիացի մտավորական)




Միայն մեծ վշտից հառնած ազգի զավակը կարող էր երկնել «Բիբլիականը»: Պոեմի սքանչելի երեսը համամարդկայինխոհն է, աստառը՝ խորունկ ազգային ցավը...

Բոգդան Գեմբարսկի
«Բիբլիականի» լեհ թարգմանիչ




Շիրազը մեծ տաղանդ մըն է: Անիկա մի մեծ, մեծ անուն ունի և մենք շատ կըգնահատենք անոր գոյությունը: Ան տաղանդ է, և մենք պետք է հպարտ զգանք և մեծ պատիվ համարենք անոր հետ ծանոթ ըլլալը:

...Անիկա մեծ աստղ մըն է:

Վիլիամ Սարոյան




Հ. Շիրազը ժամանակակից անզուգական բանաստեղծ է, արքան է համաշխարհային մրցանակի արժանի`՝ (քերթողական արվերտի կալվածքում):
Նրանով են կճանչնան հայությանը, հայ թռիչքին, հայ մտքին ու հայոց հանճարին:

Ստեֆան Գալայժ
«Բիբլիականի» և այլ բանաստեղծությունների իսպաներենի թարգմանիչ




Հայ ազգը ոչ միայն չանհետացավ աշխարհի երեսից, այլև մեծապես վերելք ապրեց՝ նոր Հայաստանով, նաև մշակույթի գծով, որի վառ վկայություններից մեկն է այս պոեմը:

Ադելինա Ադալիս
«Բիբլիականի» և այլ բանաստեղծությունների ռուս թարգմանչուհի




Ետհոկտեմբերյան հայ բանաստեղծության ամենակարկառուն դեմքն է Հովհաննես Շիրազը:

Դերենիկ Դեմիրճյան




<<Սիամանթո և Խջեզարեն>> հանճարեղ պատանու անդրանիկ պոեմն է:
Ես սպասում եմ այն պահին, երբ այս համաշխարհային բանաստեղծի բոլոր գործերը կթարգմանվեն արաբերեն, ինչպես որ թարգմանվել են աշխարհի կենդանի լեզուներից շատերով:

Նիզար Խալիլի
Արաբ գրող, հայագետ




Հովհաննես Շիրազի «Բիբլիականը» հայ ժողովրդի հոգու ճիչն է, մռունչը, ժողովուրդ, որ տարիներ շարունակ անարդարացի տառապել է զազիր ու հանցագործ օտարների ճիրաններում, ճիչն է մի ժողովրդի, որը 1600 տարի առաջ ստեղծված եւ ցայտուն հարատեւած իր գրերով ստեղծել է գիրք, գրականություն, բարձր մշակույթ:

Ահմեդ Շամլուն
Պարսիկ քննադատ,բանաստեղծ




Հովհաննես Շիրազի հայրենաշունչ քնարը ազգային դիմագիծ պահելու դեղ է` ձուլման ճամփաներով անցնող սփյուռքահայերի համար, մեր աշխարհացրիվ բեկորներին դեպի մայր հայրենիք կանչող զանգ է, ազգահավաքի հզոր զանգ:

«Հայրենիքի ձայն»




Հ. Շիրազը հայրենիքի եւ սփյուռքի թիվ 1 բանաստեղծն է, հայ արեւելյան եւ արեւվմտյան լեզվի ոսկե կամուրջը:

Ա.Ծառուկյան «Նաիրի»




Հ. Շիրազի «Բիբլիական» պոեմի մեջ վերածնվում, շքեղանում է հայ ժողովրդի հանճարը իր ամբողջական տիեզերական զորությամբ, իր հոգեկան լուսավորումով:
Հոգին շնչավորվում է: Նշմարվում եւ հայտնվում է երգի ընթացքի ոսկե թելը, որը «Բիբլիական» պոեմը միացնում է Վիկտոր Հյուգոյի «Հնդկական մոգերը» պոեմին եւ Պյութագորասի «Լուկրեցիոսին», մեծ խորհրդագետներին: Չմոռանամ նշել այդ նշանավոր պոեմի հունական փիլիսոփայական արժեքը:

Պիեռ Պարաֆ
ֆրանսիացի քննադատ




Անողոք, բայց իմաստուն ժամանակը խոսում է Հովհաննես Շիրազի օգտին:

Հրանտ Թամրազյան
գրականագետ




Դեռ 1935 թվին, այսքան կանուխ, արդեն խորհրդային ականավոր գրողներ, վեհանձն ու խոնարհ վկայությամբ Շիրազին կնկատեին Չարենցի բանաստեղծական գահի ժառանգորդը. եւ հիմա Շիրազին հասել է Չարենցի վայելած ժողովրդական հիացմանը, հռչակին ու ծափին, գորովանքին: Տարակույս չկա, որ ներկա սերնդի հայ բանաստեղծներուն մեջ Շիրազը օժտված է ամենեն հորդ ու բազմերանգ տաղանդով...

«Պայքար»