<<ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ԱԼՄԱՆԱԽ>>

Այսօր լրանում է բնիկ Գյումրուհի, մանկավարժ Էլյա (Փառանձեմ) Փահլևանյանի ծննդյան 104-ամյակը: 1973թ. նա ձեռք է զարկում Հովհ. Շիրազին նվիրված մեծածավալ ալբոմ-ալմանախի ստեղծմանը: Շուրջ 10 տարի Ալմանախի վրա աշխատելուց հետո Փառանձեմ Փահլևանյանը Շիրազին հրավիրում է իր տուն և ցույց է տալիս Ալմանախը, որն արդեն ավարտված էր: Պոետը մանրակրկիտ ուսումնասիրելով այն, անչափ ուրախանում է և առաջին էջում գրում. <<ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ԱԼՄԱՆԱԽ>>: 2012թ. Ալմանախը գտնում է իր հասցեատիրոջը: Փառանձեմի ծննդյան 100-ամյակի առթիվ՝ նրա որդին՝ Սուրենը և դուստրը՝ Հասմիկը, Ալմանախը նվիրում են Հովհ. Շիրազի հուշատուն-թանգարանին:Ալմանախում զետեղված են Շիրազի մասին անվանի մարդկանց խոսքերը, ինչպես նաև նկարներ և նամակներ: Ալմանախում տեղ է գտել նաև Ամենայն Հայոց Վազգեն Ա կաթողիկոսի հետևյալ գրությունը.